23 04 2020

Կարող են թակել յուրաքանչյուրիս դուռը` ասելով․ «Ձեր գույքը ենթակա է բռնագանձման»

Կարող են թակել յուրաքանչյուրիս դուռը` ասելով․ «Ձեր գույքը ենթակա է բռնագանձման»

Մեծ աղմուկ բարձրացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն, ինչպես և սպասվում էր, ընդունվեց Ազգային Ժողովի կողմից։ Շատերին է թվում, որ այս օրենքը իրենց հետ կապ չունի, որ դա «հարուստներին» կամ «թալանչիներին» պետք է մտահոգի, այլ ոչ թե իրենց։ Մինչդեռ, այս օրենքով հնարավորություն է ընձեռնվում մեզանից յուրաքանչյուրի գույքը բռնագանձել անգամ այն դեպքում, եթե այն ձեռք է բերվել օրինական ճանապարհով։ Այսինքն, մի օր կարող են ձեր դուռը թակել և հայտնել, որ «ձեր բնակարանը (առանձնատունը, հողամասը և այլն) ենթակա է բռնագանձման» և դուք չհասկանաք, թե ինչու։ 

Չենք ցանկանում անդրադառնալ օրենքի այն տրամաբանությանը, ըստ որի՝ անձը պետք է ապացուցի, որ իր գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, այլ ոչ թե պետությանը պետք է ապացուցի, որ անձն է գույքը ձեռք բերել ապօրինի ճանապարհով։ Դրա մասին բազմիցս է ասվել, քննադատվել։

Ինչ մնում է յուրաքանչյուրից գույքի բռնաձանձման հեռանկարին, ապա առաջին հերթին նման հնարավորություն է ստեղծում գույքի արժեքի չափը՝ 50 մլն դրամ։ Ուշագրավն այստեղ «բռնագանձման պահին», շուկայական արժեքի չափի մատնանշումն է։ Այսինքն, եթե 10 տարի առաջ գնել ես առանձնատուն՝ ենթադրենք 30 մլն դրամով և հիմա այն գնահատվում է 50 մլն դրամ, ապա կարող ես օրենքով զրկվել այդ տնից։ Սակայն սա դեռ ամենաանհեթեթ պահը չէ։

Վերոնշյալ օրենքի 23-րդ հոդվածում բառացիորեն հետևյալն է գրված․

«1. Երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ.

1) գույքը ձեռք բերելու պահին չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին»:

Սա նշանակում է, որ եթե անձը իր օրինական միջոցներով գնել է օրինակ՝ առանձնատուն, նրանից նույնպես կարող են բռնագանձել այդ տունը։ Դա տեղի չի ունենա, եթե գնորդը ապացուցի, որ ինքը տեղյակ չի եղել այն մասին, որ իր գնած տան նախկին սեփականատերը այն ձեռք է բերել ապօրինի ճանապարհով։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավական «բեսպրեդել»։ 

1․ Ինչո՞ւ պետք է գնորդը ինչ-որ բան ապացուցի, եթե կոնկրետ ինքը գույքը ձեռք է բերել օրինական եկամուտներով։

2․ Ինչո՞ւ գնորդը պետք է ապացուցի իր տեղյակ կամ անտեղյակ լինելը գույքի ապօրինի լինելու մասին՝ եթե պետությունը անտեղյակ է դրանից։

3․ Ինչպե՞ս գույքը ձեռք բերողը կարող է իմանալ, որ իր գնած գույքը ապօրինի ծագում ունի։ Գործարքի ժամանակ հիմք է հանդիսանում պետության կողմից տրված սեփականության վկայականը, որտեղ չի նշվում այդ գույքի ձեռք բերման ճանապարհը։

4․ Ինչպե՞ս պետք է գույք ձեռք բերողը պարզի թե ինչպե՞ս է ձեռք բերվել իր գնած գույքը նախորդ սեփականատիրոջ կողմից։

5․ Եթե օրենքով քննչական մարմիններից կամ դատախազությունից  դա չի պահանջվում՝ ապացուցել գույքի ձեռքբերման ապօրինի լինելը, ապա ինչո՞ւ է դա պահանջվում գույքի բարեխիղճ՝ երրորդ անձ հանդիսացող ձեռք բերողից։

Ահա թե ինչու զարմանալ պետք չէ, երբ հանկարծ մի օր թակեն ձեր դուռը և հայտնեն, որ «ձեր բնակարանը (առանձնատունը, հողամասը և այլն) ենթակա է բռնագանձման»։ Այդ պահին գուցե հիշենք, որ դա արվել է այն օրենքով, որը առաջին հայացքից թվում էր, թե ձեզ հետ «կապ չունի» և դուք չեք «զբաղվում քաղաքականությամբ»։ Մինչդեռ սա հենց Նիկոլ Փաշինյանի այն՝ «կոռուպցիայի դեմ պայքարելու» տարբերակն է, որը ձեզ չէր մտահոգում։ 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ